ՔՈԼԵՋԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Վանաձորի Ս.Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջը բավականին հարուստ կենսագրություն ունեցող հաստատություն է: Հարուստ թե իր շրջանավարտներով, թե իր անցած ուղով:
1957թ. օգոստոսի 9-ին Կիրովականում (այժմ` Վանաձոր) հիմնադրվում է սարքաշինական տեխնիկումը, որի տնօրեն է նշանակվում Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, այժմ հանգուցյալ Ալեքսանդր Մելիքյանը: Տարիներ շարունակ տեխնիկումը համարվել է Հայաստանի հյուսիսային շրջանի ամենահեղինակավոր հաստատություններից մեկը և շուրջ 29 տարի հանրապետության արդյունաբերական ձեռնարկություններին ապահովել է լավագույն մասնագետներով` տալով 4562 շրջանավարտ:
1986թ. կառավարության որոշմամբ սարքաշինական տեխնիկումը միացվեց
Կիրովականում գործող մեկ այլ փառահեղ ուղի անցած քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումին և վերանվանվեց պոլիտեխնիկում: Պոլիտեխնիկումի տնօրեն նշանակվեց
Երևանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի երկարամյա դասախոս, դոցենտ Վլադիմիր Մանվելյանը, որն իր վարած ճիշտ գործունեությամբ
վերականգնեց տեխնիկումի երբեմնի հեղինակությունը:
Սակայն ավերիչ երկրաշարժը իր հետքը թողեց նաև պոլիտեխնիկումի վրա և այն գոյատևեց մինչև 2000թ.:
2000թ. կառավարության որոշմամբ պոլիտեխնիկումը միացվեց քաղաքում գործող միակ` թիվ 47
պրոֆտեխնիկական ուսումնարանին, վերանվանվեց Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական
պոլիտեխնիկական քոլեջ և տնօրեն նշանակվեց բազմավաստակ մանկավարժ Բաղդասար Լոքյանը:
Վերջինիս նշանակումը շրջադարձային եղավ հաստատության վերակենդանացման համար: Նա առաջնահերթ
համարեց ինչպես աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ներդրումը, այնպես էլ
դասախոսական կազմի բարձր մակարդակը` այն համալրելով Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի
և Երևանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի գիտական աստիճան ու կոչում ունեցող
լավագույն դասախոսներով: Կտրուկ բարձրացավ քոլեջի հեղինակությունը, ավելացավ դիմորդների քանակը: Քոլեջը կայացավ:
Այն իսկական ծաղկուն անդաստան դարձավ թե ուսանողների, թե աշխատողների համար:
2007թ.-ից սկսվեց քոլեջի համագործակցությունը «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի հետ:
Մեծ է «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի դերը մեր քոլեջում:
Անուշավան Աբրահամյանը սփյուռքի այն երախտավորներից է, որն ապրելով օտար հողում հոգում է
մեր այսօրվա, վաղվա օրվա մասին, այր, որին հայ ժողովրդի անցած տառապանքը սովորեցրել է հայ մնալու գաղտնիքը,
և որի համար հայ ժողովրդի սոցիալական ծանր վիճակը դարձել է առաջնահերթ խնդիր: Նրա կատարած գործերը, որոնք
բոլորն էլ սրտի կանչով է կատարում, ոգևորում են քոլեջի թե աշխատողներին, թե սովորողներին: Տնօրեն Բ.Լոքյանի նախաձեռնությամբ և
«Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի աջակցությամբ քոլեջում կահավորվեց և հիմնադրվեց կարի, վարսահարդարների, խոհարարների
արհեստանոցները, համակարգչային կաբինետը, հիմնովին վերանորոգվել է շենքի տանիքը, ներ է դրվել ջեռուցման համակարգը:

2010թ.տնօրեն Բ.Լոքյանը անցավ վաստակած հանգստի և տնօրեն նշանակվեց նույն քոլեջի երկարամյա փոխտնօրեն, իր գործի գիտակ Արշակ Թումանյանը, որն էլ ավելի աշխուժացրեց համագործակցությունը «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամի»-ի հետ. հիմնադրամի աջակցությամբ բացվեց ատաղձագործական և ներքին հարդարման աշխատանքների արհեստանոցները:
Հիմնադրման օրվանից մինչ օրս կրթօջախը ընդգրկված է Հայաստանի կրթության ոլորտը ղեկավարող պետական գերատեսչության
կառույցի կազմում: Քոլեջն ունի իր անվանական հուշամեդալը, որին 2007թ. մինչ օրս արժանացել են
բարերար Անուշավան Աբրահամյանը (2009թ.), ՀՀ նկարիչների միության անդամ, քոլեջի աշխատակից Կարլեն Քոչինյանը(2011թ.) և երկարամյա ամբասիր
աշխատանքի համար տնտեսագիտության դասախոս Ամալյա Հովհաննիսյանը(2012թ.):
Այսօր քոլեջում կրթությունը իրականացվում է երեք կրթական ծրագրերով` միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և լրացուցիչ: Այս բոլոր կրթական ծրագրերով քոլեջում սովորում են շուրջ 250 ուսանող: Միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսուցումը կատարվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա բաժիններում: Այսօր քոլեջում գործում են հետևյալ մասնագիտությունները.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
«Դասավանդում տարրական դասարաններում»
«Նախադպրոցական կրթություն»
«Հաշվապահական հաշվառում»
«Գրադարանային գործ»: