ՔՈԼԵՋԻ ԱՌՕՐՅԱՆ
Քոլեջի ուսանողական առօրյան բովանդակալից է, քանզի միջոցառումներն ինքնին հետաքրքիր ու գրավիչ են: Դրանք գեղեցիկի ու բարու սեփական ըմբռնումները քոլեջ ընդունված առաջին կուրսեցիներին ներկայացնելու հրաշալի առիթ են, երիտասարդ անսպառ էներգիան ուղղորդելու և ընդհանրական արժեքի վերածելու փորձված եղանակ: Աշխատում ենք առօրյա միջոցառումներով զարգացնել ապագա քաղաքացու գեղագիտական և բարոյական դաստիարակության խնդիրները: Հագեցնելով նրանց առօրյան գրականության, արվեստի գեղեցիկ օրինակներով՝ կարող ենք նշել, որ եթե գիտությունը սնունդ է տալիս մտքին, ապա բազմաբնույթ միջոցառումները սնունդ են դառնում ուսանողի սրտին, հոգուն, ստեղծագործական երևակայությանը:
Հավատում ենք երիտասարդներին և անում առավելագույնը, որպեսզի նրանք կարողանան բացահայտել իրենց հնարավորությունները: Քոլեջում կազմակերպվող միջոցառումները աչքի են ընկնում թե՛ ուսանող–մասնակիցների առավել մեծ թվով, թե՛ ներկայացվող ելույթների ժանրային բազմազանությամբ և թե՛ կատարողական մակարդակով:
Քոլեջի ուսանողական կյանքի առօրյան հագեցնում են բազմաբնույթ բանավեճերը, որոնք կազմակերպվում են ինչպես յուրաքանչյուր կուրսում, այնպես էլ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողության հետ:
Ավանդական է դարձել ամեն սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության տարելիցին նվիրված արշավի կազմակերպումը Մայմեխ լեռան ստորոտ, որտեղ կազմակերպվում են տարաբնույթ սպորտային մրցույթներ ու խաղեր, երգի և ասմունքի մրցույթներ, որոնցում ակտիվություն են ցուցաբերում բոլոր ուսանողները: Նմանատիպ արշավներն ավելի են մտերմացնում սովորողներին: ՈՒսանողներն ամեն տարի բարձրանում են նաև «Մայրասար» և հագեցնում իրենց առօրյան:
Ամեն հոկտեմբերին քոլեջում նշվում է «Թարգմանչաց տոնը». բնական է, որ այն խորհրդանշում է սերունդների միջև շարունակվող կապը մեր հոգևոր անդաստանում: Հաճախակի են նաև ուսանողների հանդիպումները Գուգարաց թեմի ՔԴԿ տնօրեն` Տեր Վահան Քահանա Ազարյանի հետ:
Քոլեջում նշվում են գրողների հոբելյանական տարեթվերը, կազմակերպվում գրական–երաժշտական կոմպոզիցիաներ, որոնց ընթացքում ուսանողները տեխնիկական միջոցների օգնությամբ (էկրանավորման միջոցով) հանդիպում են սիրելի գրողին, լսում նրա կենդանի ձայնը:
Հաճախ կարելի է տեսնել միջանցքներում հավաքված խմբեր, որոնք ակտիվորեն քննարկում են տարբեր ծրագրեր, ուսանողների կազմած պատի թերթեր:
ՈՒսանողները «Իմ հորինած հեքիաթը» ստեղծագործությամբ դառնում են մասնակից հերոս–դերակատարներ (0313 կուրսեր) և աշխուժացնում ուսանողական առօրյան:
Առաջին կուրսեցիներին միջոցառումների միջոցով աստիճանաբար ենթարկում ենք ադապտացիայի՝ նրանց հարազատացնելով քոլեջի մթնոլորտին, սովորեցնում հաղթահարելու նոր պայմանների դժվարությունները, սովորելու ձևերն ու եղանակները:
Քոլեջում նշվում են Թումանյանական օրեր, որոնք ավարտվում են գրողի տուն-թանգարան այցելությամբ (Դսեղ):
Քոլեջում ավանդաբար կազմակերպվում է «Գիտակների» մրցույթ 2-րդ կիսամյակում, որին մասնակցում են բոլոր կուրսերի թիմերը:
Ուսանողները հանդես են գալիս իրենց գրած ռեֆերատներով, ստեղծագործական շարադրություններով և սեփական բանաստեղծություններով: Կազմվել է ուսանողական «Թոթովանքներ» ժողովածուն, որտեղ զետեղված են ուսանողների ստեղծագործությունները:
«Պատանի տնտեսագետ» խորագրով կազմակերպվում են հետաքրքիր դաս-միջոցառումներ:
Հետաքրքիր է անցնում «Գրից մինչև գիրք» միջոցառումը. ուսանողներն իրենց գրքերից նվիրում են ինչպես գրադարանին, այնպես էլ՝ իրար:
Ուսանողների առօրյան քոլեջային միջոցառումներով չի սահմանափակվում. նրանք մասնակցում են մարզային երիտասարդական փառատոների և տարբեր սպորտային առաջնությունների: Դրա վկան է «Ոսկե աշուն» փառատոնի 12 մասնակիցների հաջողությունները, իսկ ազատ-պար ոճում՝ առաջին կուրսի ուսանողուհու առաջին տեղ գրավելը: 2013 թ. «Վոլեյբոլի քաղաքի առաջնության գավաթ»-ի խաղարկության արդյունքում քոլեջի թիմը զբաղեցրեց պատվավոր III տեղը: 2014 թ. մայիսին կայացած «Հայ ազգային խաղեր»-ում մեր ուսանողների թիմը նույնպես զբաղեցրեց պատվավոր տեղեր` տարբեր խաղերից:
Առօրյան հագեցված լինելով հանդերձ՝ ուսանողը ստանում է ոչ միայն գիտելիք, այլև մարդկային բարձր կուլտուրա:
2014թ. մայիսի 30-ին Պ.Սևակի 90-ամյակին նվիրված միջոցառում կայացավ: Իրենց գեղեցիկ խոսքերով, ասմունքներով ու երգով հանդես եկան 0601«Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» 1-ին կուրսի և 0207«Թարգմանություն և գործավարություն» 2-րդ կուրսի ուսանողները: Ցուցադրվեց նաև տեսանյութ Պ. Սևակի մասին, հնչեց նրա կենդանի ձայնը /ձայնագրությամբ/՝ «Հայաստան», «Վարք մեծաց» բանաստեղծությունների արտասանությամբ:
Ուշ – ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:
Եվ ժամանակից առաջ են ընկնում,
Դրա համար էլ չեն ներում նրանց: /Պ. Սևակ/
Սեպտեմբերի 20-ին Ս. Զորյանի հարկի տակ էինք:125 տարի առաջ Ղարաքիլիսայի երկնակամարում աստեղային ժամ էր, և այդ սքանչելի հրավառության երկունքը դարձավ Ս. Զորյանը: Նա եկավ` նոր խոսք ասելու հայ արձակի էջերում: «Թարգմանություն և գործավարություն» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունների ուսանողները դասախոս Ա. Խառատյանի նախաձեռնությամբ Ս. Զորյանի տուն-թանգարանում ներկայացրին մեծ գրողի կյանքն ու ստեղծագործությունը: Ներկայացվեց պար «Սարերի հովին մեռնեմ» երաժշտության ուղեկցությամբ(շվի` Գոռ Մադոյան, պար` Դիանա Զարինյան):Վերջում երախտիքի խոսքեր ասացին տուն-թանգարանի տնօրեն Լ. Անթառանյանը, ՎՊՊՔ-ի տնօրեն Ա. Թումանյանը, ասմունքող Ջ. Սարգսյանը: Հնչեց խմբակային ասմունք Զորյանի մասին.
Դուք հոր նման խիստ եք եղել,
Դուք հոր նման` ներող,
Ձեր խորհուրդը խորն է եղել,
Ձեր խրատը` գերող:
Դուք ամեն ինչ արել եք, որ
Զորանա իմ երգը,
Միշտ զգացել եմ իմ ուսին
Ձեր հայրական ձեռքը: /Հ. Սահյան/
Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը - լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն:
...Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար:
Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը:
Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը: /ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆ/
2014թ. նոյեմբերի 19-ին հայոց լեզվի և գրականության դասախոս Աննա Խառատյանի և ասմունքող Ջ. Սարգսյանի նախաձեռնությամբ կայացավ միջոցառում՝ նվիրված հանճարեղ բանաստեղծ Հ. Թումանյանի 145-ամյակին: Միջոցառմանը ներկայացվեց կժերով պար, որը կատարեցին Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի ուսանողները: Ասմունքը բարձր կատարողականությամբ ներկայացրին մեր քոլեջի ուսանողները:
2015թ. հունվարի 23-ին մեր քոլեջի ուսանողները դարձյալ Ս. Զորյանի հարկի տակ էին: Այս անգամ նրանք ներկայացրեցին հայոց բանակի տոնին նվիրված միջոցառում, հնչեցրին խոսք հայկական պետական խորհրդանիշների՝ զինանշանի, եռագույնի, օրհներգի, հայկական զինված ուժերի ստեղծման մասին, հնչեցին թեմային համահունչ ասմունքներ, երգ և ազդեցիկ խոսքեր: Դահլիճն այնքան էր հուզված մեր ուսանողների խոսքից, որ Լիլիթ Հովհաննիսյանի երգին միացան ողջ զորամասի զինվորները: Հնչեց զինվորական երդումը:
Մարդիկ, քանի դեռ ձեր սիրտն է զարկում,
Հիշեցեք նրանց,
Այդ նրանք էին ձեր բախտը փրկում,
Այն էլ ինչ գնով:
Հիշեցեք նրանց:
Երբ որ թռիչքի ճամփելու լինեք նետը ձեր երգի,
Հիշեցեք նրանց,
Նրանք այլևս կյանքում չեն երգի,
Հիշեցեք նրանց:
Ռ.Ռոժդեստվենսկու «Ռեքվիեմ»-ի այս խոսքերով Ա. Խառատյանը ամփոփեց միջոցառումը.
Գարնան գալուստը դիմավորեցեք, աշխարհի մարդիկ,
Եվ պատերազմը սպանեք հավետ,
Հավետ անիծեք, աշխարհի մարդիկ:
ՍԿԻԶԲ ՎԵՐՋ
Ս/թ մարտի 20-ին մեր քոլեջի ուսանողները և Ա. Պուշկինի անվան դպրոցի աշակերտները այցելեցին Լոռի-Ջրմուղ ընկերության լաբորատորիա և ջրի մաքրման կայան: Այցելության նպատակն էր ծանոթացնել ընկերության գործունեությանը, մատակարարվող ջրի վերահսկվող պրոցեսին և թե ինչ ջանք ու եռանդ է ջրմուղագործը ներդնում Աստծո պարգև ջուրը իր համակարգի միջոցով յուրաքանչյուրի բնակարան հասցնելու համար:
Ապրիլի 5-ին քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները «Հայ գրականություն» առարկայի դասախոս Ա. Խառատյանի նախաձեռնությամբ տոնեցին մեծահանճար Ե. Չարենցի 120-ամյակը: Հնչեց ասմունք, երգ («Լուսամփոփի պես աղջիկ»), պար («Ես իմ անուշ Հայաստանի»), ներկայացվեցին դրվագներ Ե. Չարենցի կենսագրությունից : Դա տոն էր ոչ թե հիշատակի, այլ անմահության.
<…Չարենցը մեռած – ո'չ, բարեկա'մ, –
Չարենցը լույս է, ոգի ու սեր,
Չարենցը ձայն է
ՈՒ խոսքի հորդող գետ է անեզր,
Չարենցը սիրտ է հրակարմիր,
Սրտի տրոփ է մրրկահարվող,
Չմարող բոց է արարչագործ:
--------------------------------------------------------------------------------------
Քոլեջի գրադարանում տեղի ունեցավ «Արթնացե՛ք, գարուն է» խորագրով միջոցառում։ ՈՒսանողները մասնակցեցին մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ՝ իրենց գեղեցիկ բանաստեղծական հղումներով, հոգեթով երգերով հիացնելով բոլոր ներկաներին: Չէ՞ որ գարունն արդեն ինքնին խորհրդանշում է կյանք, զարթոնք, սկիզբ, թարմություն ...
ՈՒսանողները մեծ սիրով շնորհավորեցին կանանց ու մայրերին միամսյակի կապակցությամբ,նաև անդրադարձ կատարեցին գարնան տոներին՝ մասնավորապես քրիստոնեական տոների պսակը հանդիսացող Սուրբ Զատիկին, Համբարձման տոնին:Միջոցառումը շատ հագեցած էր, անչափ գեղեցիկ:
Այն գարնանային տրամադրություն էր հաղորդում ներկաներին, պարգևում սիրելու, սիրվելու, ապրելու ու երազելու բուռն ցանկություն: