ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Լրացուցիչ մասնագիտություններ

Քոլեջում անց են կացվում նաև կարճատև դասընթացներ (մինչև 6 ամիս տևողությամբ) հետևյալ մասնագիտությունների գծով`


1. «Վարսահարդարություն»

2. «Խոհարարություն»

3. «Ատաղձագործական, մանրահատակագործության, ապակեգործության աշխատանքներ»

4. «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում»:


Ավարտողներին տրվում է վկայական:

«Վարսահարդարություն»

Հայտնի չէ, թե երբ է ծնվել այս արհեստը: Կարելի է վստահ ասել, որ հազարամյակներ առաջ մարդիկ փորձել են իրենք ձևավորել իրենց մազերը տարբեր զարդերով, ծաղիկներով:

Մազերի գեղեցիկ տեսքն ու ձևավորումը շատ են կարևորել Հին Եգիպտոսում, որտեղ պատրաստվել են առաջին կեղծամները: Մազերի խնամքի ու ձևավորումների, ամրացնելու ու գեղեցկացնելու միջոցները Եգիպտոսից թափանցել են Հունաստան, Հռոմ և ամբողջ աշխարհ:

Այսօր արդեն այս արհեստը բավականին զարգացել, կայացել և առաջընթաց է ունեցել:

Այսօր վարսահարդարը գործ ունի մազերի խնամքի, առողջության և արտաքին տեսքի, գեղեցկության հետ: Հմուտ վարսահարդարը պիտի կարողանա ընտրել ճիշտ սանրվածք, խնամքի ու հիգիենայի ճիշտ նյութեր ու պարագաներ, մասնագիտական գործիքներ, պիտի կարողանա ճիշտ դրսևորել իր ճաշակն ու ստեղծագործական ունակությունները` բազմաոճ և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար: Նրա պարտականություններն են` հաճախորդի հետ գալ փոխհամաձայնության ծառայության վերաբերյալ, տրամադրել մասնագիտական խորհրդատվություն, մազերը նախապատրաստել կտրման և հարդարման, մերսել մաշկը և լվանալ մազերը, կատարել մազերի կտրում, հարդարում, ներկում, գանգրացում և ուղղում, կատարել բարդ և հանդիսավոր սանրվածքների ձևավորում, կատարել կտրվածքների և սանրվածքների մոդելավորում:

Վարսահարդարությունը բավականին տարածված և պահանջարկ ունեցող մասնագիտություն է:

«Խոհարարություն»

Խոհանոցը յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի առանձնահատուկ մասն է: Ազգային յուրաքանչյուր կերակրատեսակ արտացոլում է տվյալ ազգի վարած կենցաղավարությունը:

Հայկական խոհանոցն այնքան հին է, որքան Հայաստանի պատմությունը: Այն բազմատեսակ համերի ու բույրերի համադրություն է: Պատմական Հայաստանի աշխարհագրական տարածքն իր բազմազանությամբ նպաստել է հայկական տոհմիկ խոհանոցի զարգացմանը և հարստացմանը: Հայկական խոհանոցը բանաստեղծության է նման, որտեղ ամեն տուն իր բուրմունքն ունի: Բազմատեսակ խոտաբույսերը, ձկները, միսը, կաթնամթերքը, հացը, աղը և ջուրը խոհարարական արվեստի հետ միասին նրբաճաշակ ու բացառիկ համ են տալիս հայկական խոհանոցին: Եվ յուրաքանչյուր խոհարարի պարտքն է ուսումնասիրել իր ազգային խոհանոցը, նրա առանձնահատկությունները, գաղտնիքները, պատրաստման ու մատուցման ձևերը, և այդ ամենին պիտի կարողանա հմտորեն համադրել իր ստեղծագործ միտքը, օգտակարն ու համեղը, ազգայինը, ավանդականը և ժամանակակիցը:

Խոհարարը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքը. հյուրանոցում, ռեստորանում, հանրային սննդի այլ վայրերում ծրագրում, կազմակերպում, նախապատրաստում, պատրաստում սնունդ, խմիչքներ, խոհարարական այլ արտադրանքներ: Խոհարարը նաև կատարում է հետևյալ պարտականությունները. 1) կազմում և ներկայացնում է պահանջագիր անհրաժեշտ սննդային ռեսուրսների վերաբերյալ, ինչպես նաև հաշվետվություն ընդունված, օգտագործված մնացորդային սննդային ռեսուրսների վերաբերյալ, 2) նախապատրաստում և շահագործում խոհարարական` մեխանիկական, էլեկտրական, ջերմային մշակման սարքավորումները, 3) պատրաստում և պահպանում սննդային կիսապատրաստվածքները` համաձայն սահմանված տեխնոլոգիայի, 4) ընտրում համապատասխան կիսապատրաստվածքներ` ըստ կերակրատեսակների, 5) իրականացնում սննդամթերքի խոհարարական (ջերմային, մեխանիկական) մշակում, 6) իրականացնում կերակրատեսակների ջերմային մշակում, 7) կատարում պատրաստի արտադրանքի համապատասխան ձևավորում և ժամանակին տրամադրում մատուցողին:

Հայ խոհարարները աշխարհում միշտ էլ մեծ պահանջարկ և համբավ են վայելել:

«Ատաղձագործական, մանրահատակագործության, ապակեգործության աշխատանքներ»

ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման գործում կարևոր դեր ունի արհեստագործական կրթությունն ու ուսուցումը:

Այսօր գործող մասնագիտությունների ցանկում առանձնանում է «Ատաղձագործական, մանրահատակագործության, ապակեգործության աշխատանքներ»ը, որի պահանջարկը շատ մեծ է աշխատաշուկայում: Այն Հայաստանում տարածված կարևոր արհեստներից մեկն է: ՈՒսումնառության ընթացքում սովորողները մանրամասնորեն կուսումնասիրեն փայտանյութերի կազմությունը, հատկությունները և բնորոշ առանձնահատկությունները, հյուսնական և ատաղձագործական աշխատանքներում օգտագործվող նյութերի և կիսապատրաստուկների կիրառումը:

«Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում»

Հարդարման շինարարական աշխատանքները շատ հետաքրքիր և բազմատեսակ են, պահանջում են ցանկացած ոճի բացառիկ դիզայն. դասականից սկսած մինչև ժամանակակից նորաձևություն: Պահանջում են նաև ստեղծագործական մոտեցում, արարչություն, ինքնատիպ լուծումներ, հարդարման նյութերի ընտրություն:

Որպեսզի հագեցվի բովանդակությամբ, անհրաժեշտ է համադրել դռների, պատուհանների, կահույքի, կենցաղային տեխնիկայի և սանհանգույցի հետ:

Ներկարար մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները. արտաքին և ներքին պատերի, հատակների, առաստաղների, մետաղական մասերի, կոնստրուկցիաների և մետաղական կառուցվածքների, փայտե մասերի, փայտե դռների, պատուհանների, փայտե կոնստրուկցիաների և կառուցվածքների ներկման համար նախապատրաստական աշխատանքներ, պաստառապատման համար նախապատրաստական աշխատանքներ, պարզ և փոքրածավալ դեկորատիվ դետալների ամրացման համար նախապատրաստական աշխատանքներ, արտաքին և ներքին պատերի, հատակների, առաստաղների, մետաղական մասերի, կոնստրուկցիաների և մետաղական կառուցվածքների, փայտե մասերի, փայտե դռների, պատուհանների, փայտե կոնստրուկցիաների և կառուցվածքների ներկման աշխատանքներ, պաստառապատման աշխատանքներ, պարզ և փոքրածավալ դեկորատիվ դետալների ամրացման աշխատանքներ:

Իր գործունեության ընթացքում մասնագետը իրականացնում է հետևյալ պարտականությունները. 1) աշխատանքային գծագրին համապատասխան նախապատրաստում նյութերը և սարքավորումները, 2) մաքրում ու խածատում շենքերի պատերը և ներկվող այլ մակերևույթները, 3) մակերևույթները մածիկով հավասարեցնում, 4) ներկակազմ ընտրում, ներկեր, լաքեր, նախաներկեր պատրաստում` ըստ տրված առաջադրանքի, 5) մածիկապատված մակերևույթները նախապատրաստում նախաներկման, 6) նախաներկում մակերևույթները, 7) նախապատրաստական աշխատանքների ավարտից հետո ներկում մակերևույթները` գլանիկով, վրձնով կամ ներկացրիչով, 8) մակերևույթները նախապատրաստում պաստառապատման և թաղանթների սոսնձման համար, 9) պաստառներ և թաղանթներ ընտրում և դրանք սոսնձում մակերևույթներին, 10) ներկման համար նախապատրաստում մակերևույթներ ավազաշիթային սարքով, 11) մակերևույթների մաքրման, նախապատրաստման և ներկման համար օգտագործվող գործիոները, սարքերը և սարքավորումները կարգաբերում, 12) շենքերի, շինությունների, կառուցվածքների և կամուրջների պողպատե հիմնակմախքները ու մետաղական կառուցվածքները նախապատրաստում ներկման համար, 13) շենքերի, շինությունների, կառուցվածքների և կամուրջների պողպատե հիմնակմախքները ու մետաղական կառուցվածքները ներկում գլանիկով, վրձնով կամ ներկացրիչով, 14) փայտե կոնստրուկցիաները, կառուցվածքները, փայտե մասերը և դետալները նախապատրաստում ներկման համար, 15) փայտե կոնստրուկցիաները, կառուցվածքները, փայտե մասերը և դետալները ներկում գլանիկով, վրձնով կամ ներկացրիչով: