ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

0214.01.4 «Ոսկերչություն»

Հայկական բարձրավանդակում ոսկերչությունը զարգացած է եղել հնագույն ժամանակներից: Հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի նմուշները վկայում են, որ դեռևս մ.թ.ա. II հազարամյակում պատրաստվել են ոսկյա, արծաթյա բարձրարվեստ զարդեր ու կենցաղային առարկաներ:

Հայկական բարձրավանդակի վարպետները միշտ տիրապետել են դրվագման, ձուլման, փորագրման, արծնապատման, ընդելուզման, հատիկազարդման եղանակներին: Այդ են փաստում նախնադարից, միջնադարից, Կիլիկյան Հայաստանից հայտնաբերված բազմաթիվ յուրօրինակ, անկրկնելի ու ինքնատիպ արվեստի գործերը` ոսկյա թասեր, ոսկյա ականջօղեր, օձագլուխ ապարանջաններ, վզնոցներ, կանացի գլխարկի զարդեր, արձանիկներ և այլն:

Հնագույն ժամանակներից եկած ոսկերչական արվեստի ավանդույթները մեր օրերում իսկական ծաղկում են ապրում: Ի շնորհիվ տեխնիկայի առաջընթացի, փորձառու ու հմուտ վարպետների, այսօր արդեն այս արվեստը իրապես հասել է կատարելության:

Պահպանելով հնագույն ոսկերչական արվեստը` Հայաստանում ոսկերչությունը միշտ նորանում է, թարմանում և ստանում ժամանակակից շունչ` համադրելով հնի ու նորի ձեռքբերումները:Ոչ ոք երբեք անտարբեր չի կարող լինել նրա նկատմամբ: Այն միշտ սիրված է և ունի մեծ պահանջարկ, որից ելնելով շուրջ 15 տարի քոլեջը` լինելով միակը տարածաշրջանում, կատարում է ուսուցում «Ոսկերչություն» մասնագիտությամբ:

Ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր /9-ամյա/ և միջնակարգ (լրիվ) /12-ամյա/ կրթության հիմքով: Հիմնական ընդհանուր կրթությամբ ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 1 տարի: ՈՒսուցումը կատարվում է անհրաժեշտ գործիքներով և սարքավորումներով հագեցած 2 արհեստանոցներում:

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությամբ <<Ոսկերիչ>> որակավորումով:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0214.01.4 «Ոսկերչություն» մասնագիտության «Ոսկերիչ» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.

1. պատրաստել ոսկերչական իրեր և զարդեր թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից ու քարերից,

2. կատարել ոսկերչական իրերի և զարդերի նորոգում,

3. պատրաստել և վերանորոգել ժողովրդական արհեստների գեղարվեստական իրեր:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 0214.01.4 «Ոսկերչություն» մասնագիտության «Ոսկերիչ» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.

1. պատրաստել համաձուլվածք` ըստ պահանջվող հարգանիշի,

2. ստանալ նախապատրաստուկ,

3. հավաքել շինվածքն ըստ էսքիզի, զոդման, սարքահատման, հոդակապային միացությունների, գամման եղանակով,

4. կատարել շինվածքի ընթացիկ մշակում,

5. տեղադրել ոսկերչական քարերը,

6. կատարել շինվածքի վերջնական մշակում և նախշազարդում,

7. հանձնել կատարված աշխատանքը,

8. կատարել ոսկերչական իրերի վերանորոգման աշխատանքներ:

ՈՒսանողների գործերը


ՍԿԻԶԲ           ՎԵՐՋ