ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

0112.01.5 «ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ»

Բոլորիս կյանքի ամենալուսավոր, ամենագունեղ փուլը մանկությունն է, ուր իր տեղն ունի մանկապարտեզը` մանուկների երկրորդ տունը: Չկա ավելի հետաքրքիր, պատասխանատու և օգտակար մասնագիտություն, քան փոքրիկ հրաշքներին կրթելն ու դաստիարակելը:

Դեռևս 1837թ. Գերմանիայում մանկավարժ Ֆրիդրիխ Ֆրյոբելը ստեղծեց առաջին հաստատությունը նախադպրոցական տարիքի երեխաների համար, որն անվանեց kindergarten - մանկապարտեզ, քանի որ երեխաներին համարում էր Աստծո բույսեր և այդ իսկ պատճառով նրանց խնամքը պետք է շատ ավելի հիմնավոր լիներ, ինչպես բուսերի խնամքը պարտեզում: Նա նաև ձևակերպեց մանկապարտեզի գլխավոր սկզբունքը` երեխայի մեջ զարգացնել այն լավագույնը, ինչ տվել է նրան բնությունը:

Ժամանակի ընթացքում մշակվեց, համակարգվեց և այսօր առկա է կրթական մի կուռ համակարգ, որի միջոցով պատրաստվում են հմուտ դաստիարակներ, մանկավարժներ, ովքեր կկարողանան աշխատել մանկապարտեզներում, տարբեր նախակրթական հիմնարկներում մեծ առաքելությամբ` փայփայել, պաշտպանել մեր մանուկներին` ապահովելով ճիշտ դաստիարակություն, անհոգ ու բարեկեցիկ կյանք, երջանիկ ապագա: Ներդնենք մեր լուման հանուն այդ օջախների բարգավաճման` չէ որ մենք բոլորս գալիս ենք մանկությունից, և յուրաքանչյուրիս կյանքի պատմությունը սկսվել է հենց մանկապարտեզից:

Նման առաքելության իրագործմանն էլ նպաստում է քոլեջի «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունը, որը կարելի է ուսումնասիրել թե առկա, թե հեռակա բաժիններում: Առկա բաժնում ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր /9-ամյա/ և միջնակարգ (լրիվ) /12-ամյա/ կրթության հիմքով: Հիմնական ընդհանուր կրթությամբ ուսուցման տևողությունը 3 տարի է, միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի: Հեռակա բաժնում ընդունելությունը կատարվում է միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով և ուսուցման տևողությունը կազմում է 3 տարի:

ՈՒսումնական պլանը հագեցած է պրակտիկաներով, որոնք մեր ուսանողներն անց են կացնում քոլեջին կից Վանաձորի թիվ 10 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ում:

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ միջին մասնագիտական կրթությամբ «Դաստիարակ` նախադպրոցական կրթության» որակավորումով:

Միջին մասնագիտական կրթության 0112.01.5 «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1. դասավանդողներ`նախադպրոցական կրթության,

2. դաստիարակ` նախադպրոցական հիմնարկության,

3. ուսուցիչ` նախադպրոցական հիմնարկության,

4. դաստիարակ` մանկապարտեզի,

5. դաստիարակ` մանկամսուրի:

Միջին մասնագիտական կրթության 0112.01.5 «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ մասնագետի` զբաղմունքների ոլորտում մասնագիտական պարտականություններն են.

1. մշակել և լրամշակել ուսուցման ծրագրեր,

2. երեխաների ստեղծագործական երևակայությունը, հետազոտելու, զննելու, սեփական փորձով գիտելիք ձեռք բերելու կարողությունները զարգացնող մեթոդներ կիրառել,

3. ուսումնական նյութեր և պարագաներ ստեղծել սաների գործունեությունը կազմակերպելու համար,

4. երեխաների ֆիզիկական, մտավոր և սոցիալական զարգացումն ապահովող գործունեության ծրագրումն ու իրականացումը, ուսուցման ծրագրերի, նախագծերի մշակումը և լրամշակումը,

5. երեխաների` հետազոտելու, զննելու, սեփական փորձով գիտելիք ձեռք բերելու կարողությունները զարգացնող մեթոդների կիրառումը,

6. ՏՀՏ միջոցներ օգտագործել իր և սաների գործունեությունը կազմակերպելու համար:

Քոլեջն ունի պայմանագիր Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի հետ, համաձայն որի «լավ» և «գերազանց» առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների /հարցազրույցով/ ընդունվել վերոհիշյալ ինստիտուտ և շարունակել ուսումը համապատասխան մասնագիտության 2-րդ կամ 3-րդ կուրսում: