ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

0322.02.5 «Գրադարանային գործ»

«Օ, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր...» Ե. Չարենց


Կարդալով գիրքը` մարդն իրեն ավելի ուժեղ, խելացի, ազնիվ է զգում: Լայնանում է մտահորիզոնը, փոխվում են հայացքները կյանքի, աշխարհի նկատմամբ: Ժամանակին կարդացած գիրքը ընդունակ է փոխելու կյանքն այնպես, ինչպես չեն կարող փոխել լավագույն բարեկամն ու դաստիարակը: Կարդում ես գիրքը և մտովի տեղափոխվում հեղինակի ներկայացրած աշխարհը, ընկերանում, մտերմանում, անգամ սկսում ես մտածել գրքի հերոսների հետ: Բնության, տիեզերքի գաղտնիքներին տեղեկանում ես, իհարկե, նախևառաջ գրքերի միջոցով: Զարգանում է բառապաշարդ, խոսքդ դառնում է առավել գունեղ: Լինելով գրադարանում, խորանալով գրքերի անեզրության մեջ` մարդիկ սկսում են քիչ նմանակել ուրիշներին: Գրքերը լռում են, երբ խոսելու կարիք չկա, խոսում են, երբ պետք է` բացելով մեր դեմ ամբողջ աշխարհը:


«Գրքերը մտքի նավերն են, որոնք ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով և տանում են զգուշորեն իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ:» Ֆրենսիս Բեկոն


Գրքերի, գրադարանի աշխարհը թափանցելու համար քոլեջում նախատեսված է «Գրադարանային գործ» մասնագիտությունը, որի մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները.


1)գրադարանի/ գրադարանի ստորաբաժանման վարիչ,

2)գրադարանավար,

3)մատենագետ:


Միջին մասնագիտական կրթության «Գրադարանային գործ» մասնագիտությամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.


1. կատարել գրքեր և այլ հրատարակություններ ձեռք բերելուն, հաշվառելուն, հանձնելուն և վերադարձնելուն առնչվող գրադարանային գրառումներ,

2. իրականացնել գրականության, պարբերականների և տարբեր նյութերի սպասարկում,

3. մասնակցել ֆոնդերի պահպանման, դրանցից օգտվելու կարգերի ու կանոնների ստեղծման աշխատանքներին,

4. մշակել գրադարանային ֆոնդը, կազմել գրացուցակներ,

5. դասիչավորել, ձևավորել, տեղաբաշխել և հաշվառել գրադարանային ֆոնդը,

6. գրականության քարոզման նպատակով մասնակցել ցուցահանդեսների, գիտաժողովների, սեմինարների, շնորհանդեսների և այլ միջոցառումների կազմակերպմանը,

7. դասակարգել փաստաթղթեր, հավաքածուներ և այլ նյութեր,

8. կազմակերպել և իրականացնել գրադարանից օգտվողների գրադարանային և մատենագիտական սպասարկում,

9. ղեկավարել, հրահանգավորել այլ աշխատողների,

10. կազմել գրադարանի աշխատանքի պլաններ, միջոցառումների ժամանակացույցեր,

11. կազմել գրադարանի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ,

12. իրականացնել գրադարանից օգտվողների սպասարկմանն օժանդակող տեղեկատվության վերլուծական մշակում,

13. կատարել բովանդակությամբ կից պարտականություններ:


«Իմ մեջ եղած ամբողջ լավի համար ես պարտական եմ գրքերին:»Մ. Գորկի


«Սիրեցեք գիրքը` գիտելիքների աղբյուրը. միայն գիտելիքն է փրկարար, միայն նա կարող է ձեզ դարձնել հոգեպես ուժեղ, ազնիվ, խելացի մարդիկ, որոնք ընդունակ են անկեղծորեն սիրել մարդուն, հարգել նրա աշխատանքը և սրտանց հիանալ նրա ընդհատվող մեծ գործի պտուղներով:»Մ. Գորկի